Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ինչպես նաև՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի մի շարք ծառայողների (լուսանկարներ)
Քննչական կոմիտեի նախագահը «Համագործակցության համար» մեդալով պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ինչպես նաև՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի մի շարք ծառայողների:
Մասնավորապես՝ «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանը՝ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում խմբի կողմից սպանություն կատարած անձանց հայտնաբերելու, հանցագործությունը բացահայտելու կապակցությամբ:
ՀՀ ոստիկանության ԿՄ վարչության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը, նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Անդրանիկ Մելոյանը պարգևատրվել են՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում, նույն թվականի դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքի մի շարք թաղամասերում և նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում խմբի կազմում ավազակային հարձակումներ իրականացրած անձանց հայտնաբերելու և հիշյալ հանցագործությունները բացահայտելու կապակցությամբ:
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն իր ելույթում ընդգծեց, որ չնայած գործառութային որոշակի տարբերություններին՝ քննիչները, ոստիկաններն ու դատախազները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։
«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեր կողմից կատարված աշխատանքի համար: Ի շնորհիվ մեր գերատեսչությունների խորը համագործակցության՝ վերջին օրերին հնարավոր եղավ բացահայտել 7 ավազակային հարձակման, 11 բնակարանային գողության, 1 սպանության և սպանության փորձի դեպք»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
Քննչական կոմիտեի նախագահը հանցավորության դեմ պայքարում արձանագրած հաջողությունների համար շնորհակալություն հայտնեց ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանին և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանին: