Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն
2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ:
Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է.Թումասյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները, որոնք զննվել են քննիչ Ա.Գյոզալյանի կողմից և կցվել քրեական գործի նյութերին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:
Վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: