Միջազգային համագործակցություն
02.04.16, 14:31

Քննչական կոմիտեն ՀԱՊԿ անդամ-պետություններին առաջարկել է համաձայնագիրը լրացնել «Համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ձևավորման և գործունեության կարգը» վերտառությամբ նոր հոդվածով

Քննչական կոմիտեն ՀԱՊԿ անդամ-պետություններին առաջարկել է համաձայնագիրը լրացնել «Համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ձևավորման և գործունեության կարգը» վերտառությամբ նոր հոդվածով


ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Տ.Հովհաննիսյանը մարտի 30-ին Մոսկվայում մասնակցել է «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ- պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների միավորումների ժամանակավոր կացության հետ կապված իրավասության և իրավական օգնության հարցերով» Համաձայնագրի նախագծի քննարկման կապակցությամբ տեղի ունեցած փորձագետների հանդիպմանը:

Քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի անունից ներկայացվել են առաջարկություններ՝ Համաձայնագրի նախագծի համապատասխան հոդվածներում լրացումներ, խմբագրումներ անելու վերաբերյալ՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների միավորումների ժամանակավոր կացության հետ կապված հարցերով իրավասությունները հստակեցնելու նպատակով։ Միաժամանակ՝ անդամ-պետությունների քննարկմանն է ներկայացվել «Համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ձևավորման և գործունեության կարգը» վերտառությամբ նոր հոդված՝ հաշվի առնելով նշված ինստիտուտի կարևորությունը միջազգային-իրավական համագործակցության շրջանակներում հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացման հարցում:

Ներկայացված բոլոր առաջարկությունները ներառվել են Համաձայնագրի նախագծում:

Բացի այդ, աշխատանքային այցի շրջանակներում Տ.Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ քննչական կոմիտեի միջազգային-իրավական համագործակցության վարչության պետի պաշտոնակատար Ա.Տերեշենկոյի, նույն վարչության օտարերկրյա թղթակցության և պատվիրակությունների հետ աշխատանքի բաժնի պետ Պ.Լիտվիշկոյի հետ, որին մասնակցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական, ՌԴ քննչական կոմիտեում ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ի.Վարովը:

Կարևորելով երկու գերատեսչությունների համագործակցությունը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների օպերատիվ կատարումն ապահովելու, հետագա համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև աշխատակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կոնկրետ գործերով ՌԴ քննչական կոմիտեին ներկայացված հարցումների կատարումն արագացնելու վերաբերյալ: