Քննչական կոմիտեում հայտարարվել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածուների ցուցակի համալրման հերթական ընդունելությունը
ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը հայտարարել է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու հերթական ընդունելությունը։
Անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչև 2023թ. մարտի 31-ը՝ ամեն աշխատանքային օր: Ընդ որում, փաստաթղթերի ընդունման գործընթացը դյուրինացնելու նպատակով նախատեսվել է, որ փաստաթղթերը՝ ծրարավորված, դիմորդները պետք է գցեն ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում տեղադրված փոստային արկղի մեջ:
Ընդունելության գրավոր քննությունը տեղի կունենա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 10:00-ին ՀՀ քննչական կոմիտեում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5):
Գրավոր քննությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն պահանջվող փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
Գրավոր քննության հարցերը կազմված են ՀՀ քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից։ Գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուների հետ սեղմ ժամկետում անցկացվելու է բանավոր քննություն:
Ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, դիմումների ընդունման, ինչպես նաև գրավոր քննության ընթացակարգերին, համապատասխան կոնտակտային տվյալներին և հետաքրքրող այլ տեղեկատվության կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքի «Նորություններ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում զետեղված հայտարարությունից։
ՀՀ քննչական կոմիտե