Քննչական կոմիտեում կազմակերպվել է հերթական սեմինար-դասընթացը (լուսանկարներ)
ՀՀ Քննչական կոմիտեում անցկացվել է հերթական սեմինար-դասընթացը՝ «Ապացույցները և ապացուցումը՝ ըստ նոր քրեական դատավարության օրենսգրքի. գաղտնի քննչական գործողությունները և դրանց առանձնահատկությունները» թեմայով:
Դասընթացը վարելու համար հրավիրվել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Մելքոնյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաև ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի համահեղինակներից մեկը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականի շրջանակներում Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կողմից կազմակերպված թվով 8-րդ սեմինարին մասնակցել են Կոմիտեի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների քննիչներ:
Բացի դասընթացի թեմայից, հիմնական բանախոս Դավիթ Մելքոնյանի կողմից հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել են նաև սույն թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթներին վերաբերող կարգավորումները։
Դասընթացի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել է նաև քննիչներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։
Հիշեցնենք, որ հիշյալ դասընթացների հիմնական նպատակային շեշտադրումներն են կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության իրականացման, ինչպես նաև՝ այլ քրեական գործերով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում և տիրույթներում գտնվող փաստական տվյալների (էլեկտրոնային ապացույցներ) ձեռքբերման հմտություններ ձևավորելուն ուղղված ուսուցողական նյութերի մատուցումը մասնակիցներին: