Քննությամբ վերականգնվել է «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը օտարելու հետևանքով պետությանը պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը՝ դեռևս 2010 թ․ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով օտարելու դեպքի հանգամանքները։
Այսպես․ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի ղեկավարումն իրականացնելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձը, իր երեք աշխատակիցների հետ ստանձնելով այն ժամանակ գործող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տնօրինության տակ գտնվող «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատումը, առանց դրանց հասցեներում փաստացի հետազոտություններ կատարելու, միայն իրենց տրամադրված ելակետային տվյալների հիման վրա, հիշյալ պաշտոնատար անձի ցուցումով, խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են ներառել գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ։
Այնուհետև, մեկ օրվա ընթացքում իրենց ստորագրություններով հաստատել են գույքերի շուկայական արժեքի բովանդակությամբ կեղծ հաշվետվություններն ու եզրափակիչ ակտերը։ Որից հետո, ՊՈԱԿ-ի մեկ այլ պաշտոնատար անձ, ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն ստորագրելով, հաստատել է փաստացի կեղծ փաստաթղթերը։
Նշված գործողությունների արդյունքում, «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ 6.8 հա մակերեսով հողատարածքները, 4679քմ մակերեսով շենք-շինությունները, 7 հատ կառուցվածքների և փոխանցվող հարմարանքները, թվով 46 մեքենաներն ու սարքավորումները, 19 տրանսպորտային միջոցները, 55 արտադրատնտեսական գույքերը ու շահագործման մեջ չգտնվող թվով 20 հիմնական միջոցների արժեքները գնահատել են շուկայականից էականորեն ցածր գնով։ Դրանք հետագայում 50 տոկոս նվազեցված արժեքով, ուղղակի վաճառքի եղանակով «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերությունը օտարվել է ՍՊ ընկերությանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:
Իրականացված նախաքննության ընթացքում և արդյունքներով պատճառված վնասն ամբողջությամբ՝ 250.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, վերականգնվել է։
Որոշում է կայացվել «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարեն փաստաթղթերը ստորագրած պաշտոնատար անձի վերաբյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։
Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։