Լրահոս
24.01.20, 10:25

Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Քննություն է տարվում՝ Նորաշեն համայնքում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. հունվարի 4-ին՝ ժամը 20.30-ին, «Արտաշատ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1970 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն` 49-ամյա տղամարդու առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով իրականացված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի այլ հանգամանքներ ևս:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերել նաև այն մասին, որ վերոհիշյալ միջադեպի ընթացքում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել 34-ամյա տղամարդուն, ում մարմնի տարբեր մասերին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, որոնց մի մասը նրա առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս:

Հաշվի առնելով, որ քրեական գործի քննությամբ նոր հանգամանքներ են պարզվել, և առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և որոշում է կայացվել՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում պարզվել է 34-ամյա տղամարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառած անձանց շրջանակը, որոնցից մեկը տուժող 49-ամյա տղամարդն է, իսկ մյուս երեքը նույն մարզի բնակիչներ են՝ ծնված 1977, 1990 և 1994թթ., ովքեր  հայտնաբերվել են, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել` 34-ամյա համագյուղացու առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: