Լրահոս
01.04.21, 14:03

Քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա մոր և 7-ամյա դստեր մահվան հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա մոր և 7-ամյա դստեր մահվան հանգամանքները

2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի  բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և  նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել՝ «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: