Քննություն է տարվում՝ պարզելու 29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևանի 29-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2019թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, նախապես հետապնդելով 29-ամյա երիտասարդի կողմից վարած «Lexus es250» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ դեպի Ծաղկաձոր տանող ավտոճանապարհին, ավտոմեքենայով վարորդի կողմից հավասարվելով «Lexus es250» ավտոմեքենայի ընթացքին, իր մոտ ապօրինի պահվող 9մմ տրամաչափի հրազենից 4 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով 29-ամյա երիտասարդը և 54-ամյա տղամարդը, ով դեպքի պահին նրա հետ գտնվում էր ավտոմեքենայում, տուժող են ճանաչվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է 4 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, տուժողներից վերցվել են կրակոցի արգասիքների նմուշներ, նշանակվել են դատաքիմիական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, առգրավվել է 54-ամյա տղամարդու ներկայացրած գազային ատրճանակը, որով վերջինս փորձել է վախեցնել մահափորձ կատարողին:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը, ինչպես նաև՝ 29-ամյա երիտասարդին հետապնդած ավտոմեքենայի մակնիշը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: