Լրահոս
    19.02.16, 13:14

    Քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

    Քննություն է տարվում՝ պարզելու  30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները


    ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։

    2016թ. փետրվարի 18-ին՝  ժամը 21.30-ին, «Աստղիկ» բ/կ-ից  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՀԱԹ Շրջանային 2/2 հասցեում գտնվող «Ագաթ» ինստիտուտի մոտ հայտնաբերվել է 25-ից 30 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

    Դեպքի վայրի զննությամբ՝ ինստիտուտի հարակից տարածքի ճանապարհի երթևեկելի մասից դուրս, հողածածկ տարածքում, հայտնաբերվել է արական սեռի դիակ։ Պարզվել է մահացածի ինքնությունը, ով 1985թ. ծնված, Երևան  քաղաքի բնակիչ Կառլեն Ակունցն է:

    Դիակի արտաքին զննությամբ  դատաբժիշկ փորձագետի կողմից բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել:

    Մահվան  պատճառը պարզելու նպատակով  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է  ՀՀ ԱՆ ԴԲՓԳԳԿ-ին:

    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ երիտասարդը դեպքի օրն օգտագործել է «մեթադոն» տեսակի թմրամիջոց, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

    Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

    Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, նրան թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

    Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

    Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։