Լրահոս
    15.12.20, 13:23

    Քննություն է տարվում՝ պարզելու «Գործարանային կայարանում» ակցիա իրականացնելու հետևանքով մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները

    Քննություն է տարվում՝ պարզելու «Գործարանային կայարանում» ակցիա իրականացնելու հետևանքով մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի հանգամանքները

    2020թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:10-ի սահմաններից սկսած, մոտ 40 րոպե խաթարվել է մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը, քանի որ ակցիա իրականացրած մի խումբ անձինք կանգնել են կառամատույցի երկու կողմերում կայանված գնացքների դռների մոտ՝ թույլ չտալով, որպեսզի դրանք փակվեն և գնացքներն աշխատեն: Արդյունքում՝ մետրոպոլիտենի գործունեությունն ամբողջությամբ կանգնել է, և բազմաթիվ ուղևորներ չեն կարողացել օգտվել մետրոպոլիտենի ծառայություններից:

    Նույն օրը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (ինքնիրավչություն) 1-ին մասով,  որի նախաքննությունը կատարվում է  ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

    Կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ զննության է ենթարկվել լրատվամիջոցներից մեկում տեղադրված՝ մետրոպոլիտենի վերոնշյալ կայարանում իրականացրած ակցիայի տեսաձայնագրությունը:

    Ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային կայարանում» ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր  Երևանի բնակիչներ են՝ ծնված 1972, 1998 և 1979թթ.: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

    Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: