Լրահոս
    03.08.15, 15:20

    Քննություն է տարվում՝ պարզելու հարսանեկան խնջույքի մի քանի տասնյակ մասնակցի սննդային թունավորման պատճառները

    Քննություն է տարվում՝ պարզելու հարսանեկան խնջույքի մի քանի տասնյակ մասնակցի սննդային թունավորման պատճառները


    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հարսանեկան խնջույքի մասնակիցների թունավորման դեպքի առթիվ։

    2015թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 00:15-ին,  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ  «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել թվով 19 անձ:

    Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրից, որտեղ բոլորը մասնակցել են հարսանեկան խնջույքի: Նույն օրը համալիրից նույն աշխտորոշմամբ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲ ընկերություն է դիմել ևս 11 անձ:

    Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանացագործության հատկանիշներ մատնանշող բավարար հիմքեր՝ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

    Ստեղծվել է քննչական խումբ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական միջոցառումները՝ սննդային թունավորման պատճառը, եղանակը պարզելու ուղղությամբ։

    Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։