Լրահոս
31.10.19, 09:32

Քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու մանկահասակ երեխայի՝ ՄԻԱՎ վարակով վարակվելու դեպքի հանգամանքները:

2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել: Հրավիրվել է կոնսիլիում, որի եզրակացության համաձայն՝ երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: