Լրահոս
    10.03.17, 12:51

    Քննություն է տարվում՝ պարզելու Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու հանգամանքները

    Քննություն է տարվում՝ պարզելու Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու հանգամանքները

    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Սոթքի ոսկու հանքից գողության փորձ կատարելու հանգամանքները:

    2017 թվականի մարտի 7-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի «բաց հանք» կոչվող հատվածում գտնվող հանքախորշերից մեկում նկատվել են երկու անձինք, և երբ էքսկավատորը մոտեցել է նշված հանքախորշին` այն փակելու, հիշյալ անձանցից մեկը ատրճանակ է պահել էքսկավատորի օպերատորի ուղղությամբ, որից դրդված՝ էքսկավատորի օպերատորը դադարեցրել է իր աշխատանքը, իսկ նրանք թաքնվել են հանքախորշում:

    Դեպքի առթիվ մարզի դատախազությունում 2017թ. մարտի 9-ին հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը մարտի 10-ին ստացվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում:

    Քրեական գործն ընդունվել է վարույթ, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու համար կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

    Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` oրինական ուժի մեջ մտած դատավճռով: