Լրահոս
07.05.21, 16:13

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «օրենքով գող» «Ժ.Շ.»-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ հանցագործություն կատարելու վերաբերյալ հանձնարարություններ տալով խմբավորման անդամներ հանդիսացող անձանց:

Վերջիններս, ստանալով և կատարելով «Ժ.Շ.»-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ «Ժ.Շ.»-ն «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պահվող,  նույն հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթներն իրականացնող «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կ.Հ.»-ին հանձնարարել է՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, «քրեական հեղինակության», այսպես կոչված, «զոն նայող» Ս.Ա.-ին իր անունից հրահանգել ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նույն քրեակատարողական հիմնարկի կալանավորին, ինչը, սակայն, Ս.Ա.-ն հրաժարվել է կատարել:

Իր հանձնարարությունը չկատարելու համար «Ժ.Շ.»-ն նախաձեռնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի «զոն նայողին» փոխարինելու գործընթաց՝ «Կ.Հ.»-ին հանձնարարելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով առաջնորդվող, «իրենց խոսքը պահող նորմալ մարդ» գտնել:

Իր հերթին «Կ.Հ»-ն հանձնարարության կատարմանը ներգրավել է «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող, նույն հիմնարկի, այսպես կոչված, «զոն նայող» «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Բ.-ին, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պ.» մականվամբ կալանավորին:

Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները,  ժամանակավորապես ստանձնել է նշված ՔԿ հիմնարկում, այսպես կոչված, «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի և այլնի տեսքով «դրսից բերված գրեֆներ» է բաժանել քրեակատարողական հիմնարկի կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև՝ հանձնարարել 2021թ. հունվարի 18-ին և հունվարի 24-ին իրականացնել անկարգություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ժ.Շ.»-ին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: