Սեմինար-քննարկում` «Ընտանեկան և սեռական բռնության հարցերի վերաբերյալ իրազեկում, քննիչների և լրագրողների միջև համագործակցության զարգացում» թեմայով (լուսանկարներ)
ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աջակցությամբ և ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության արդյունքում նոյեմբերի 29-ին և 30-ին անցկացվել է «Ընտանեկան և սեռական բռնության հարցերի վերաբերյալ իրազեկում, քննիչների և լրագրողների միջև համագործակցության զարգացում» թեմայով սեմինար-քննարկում:
Սեմինարի ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ ծրագրերի իրավապահ համագործակցության խորհրդական Ադի Հոլովեյը:
Նրանք կարևորեցին ընտանեկան և սեռական բռնության հարցերի վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև` իրավապահների կողմից այդ դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Սեմինար-քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին ներկայացվեց ընտանեկան և սեռական բռնության դեպքերի քննության ներպետական և միջազգային օրենսդրությունը, իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև՝ ԱՄՆ իրավապահների գործելաոճը ԸՍԲ գործերը քննելիս, լրատվամիջոցների կողմից լուսաբանումները, զոհակենտրոն մոտեցումները, ընտանեկան արդարադատության կենտրոնների միջոցով բազմաոլորտային համագործակցությունը:
Ներկայացվել են նաև 2017-2019թթ. ընթացքում սեռական հանցագործությունների և մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ քննվող գործերի վերլուծությունը, հայտնաբերված խնդիրները, նույն ժամանակահատվածում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործերի վերլուծությունը, ինչպես նաև՝ ԸՍԲ քննվող դեպքերի կամ տուժողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունները, դրանց լուսաբանման «թույլատրելի և ոչ թույլատրելի» կանոնները:
Սեմինար-քննարկման ավարտին ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մասնակցության, բովանդակային քննարկում ապահովելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ Ադի Հոլովեյին և Մարիցա Հովհաննիսյանին՝ միջոցառման անցկացմանը ցուցաբերած աջակցության համար:
Վերջիններս իրենց հերթին վստահեցրին, որ ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, և շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին՝ արդյունավետ քննարկում անցկացնելու համար: