Սգո սրահի բակում սպանության փորձ կատարելու վարույթով մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ավարտվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 30–ամյա բնակիչը, սգո արարողության մասնակցելու նպատակով, մի քանի ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող սգո սրահի բակում, որտեղ նրան են մոտեցել մի խումբ անձինք և նախկինում ունեցած լարված փոխհարաբերությունների շուրջ խոսակցություն ունեցել նրա հետ։
Խոսակցության արդյունքում առաջացած ծեծկռտուքի ժամանակ վերջինս և նրա հետ գտնված մի խումբ անձինք, խմբի կազմում, անտեսելով սգո արարողության մասնակիցների ներկայությունը, իրենց մոտեցած հիշյալ անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, իրենց մոտ ապօրինի պահվող ատրճանակներով կրակոցներ են արձակել վերջիններիս ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով հրազենային գնդակային վերքի ձևերով, մյուսին՝ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ արձակված կրակոցներից երկուսն են միայն դիպել փախուստի դիմած երիտասարդի ազդրին և սրունքին, իսկ մյուս տուժողը բժշկական կենտրոնում ստացել է անհրաժեշտ բուժօգնություն։ Կրակոցների արդյունքում ևս երեք անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 2021 թվականի մարտի 25-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան փողոցի դիմաց գտնվող «Գետառ» կոչվող կամրջի մոտ կայանված, իր կողմից շահագործվող ավտոմեքենայի սրահում, 30–ամյա տղամարդն անձնական հարցի շուրջ վիճաբանել է ծանոթ կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի 30–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 171-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։