Լրահոս
28.11.16, 13:02

Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել

Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել

Շենգավիթում 37-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են դանակի գործադրմամբ նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, շարժառիթը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 14.20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկում հայտնաբերվել է 1979թ. ծնված Ա.Մաղաքյանի դիակը՝ աջ ազդրի կտրած-ծակած վերքով:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով և կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը պարզելու ոււղությամբ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողն իր ժամանակավոր բնակության վայրում մասնավոր կյանքին վերաբերող հարցերի շուրջ վիճաբանել է նույն տանը ժամանակավորապես բնակվող տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է կնոջ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսին` Ա.Մաղաքյանի առողջությանը պատճառելով մարմնական վնասվածք՝ աջ ազդրի վերին երրորդի առաջային մակերեսի երկայնակի ծակած-կտրած վերքի ձևով: Ստացած վնասվածքի հետևանքով կինը մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատամատնադրոշմային փորձաքննություններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: