Լրահոս
    08.10.21, 14:40

    Շնորհավորանք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից

    Շնորհավորանք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից

    Հարգելի Արգիշտի Էլբեկի,

    Թույլ տվեք Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին շնորհավորել մասնագիտական օրվա կապակցությամբ:

    Մեր համար այս բարդ ժամանակահատվածում լինելով արդարության պահպանման և վերականգնման նախահիմքը՝ Քննչական կոմիտեն իր ամենօրյա անմնացորդ ու տքնաջան ծառայության միջոցով իրականացնում է մեր ժողովրդի և պետության, մարդկանց իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովումը:

    Ձեր գլխավորությամբ համակարգում իրականացվող բարեփոխումներն ավելի են բարձրացնում Քննչական կոմիտեի հեղինակությունը՝ դրան զուգահեռ բարձրացնելով նաև պատասխանատվության շեմը:

    Չեմ կարող չնշել այն պատասխանատվությունն ու միասնականությունը, որ ցուցաբերվեց ՀՀ քննչական կոմիտեի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմի և դրան հաջորդող ժամանակաընթացքում, ուստի՝ բարձր եմ գնահատում ՀՀ քննչական կոմիտեի սերտ համագործակցությունն Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հետ, մանավանդ՝ բարդ ու ճգնաժամային այս իրավիճակում, երբ առկա են բազում խնդիրներ և մարտահրավերներ, երբ մեր հայրենիքը միասնական ուսի և համատեղ ջանքի մեծագույն կարիքն ունի:

    Հայտնի է, որ պատերազմն իր հետ բերեց առանձնակի դաժանություն, և Ձեր ղեկավարած կառույցը ամենայն պատասխանատվությամբ իրականացրեց պատերազմի հետևանքների արձանագրման յուրաքանչյուր առանձին դեպքի իրավական գնահատական տալու օրենսդրական գործառույթները:

    Օգտվելով օրվա խորհրդից՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ քննչական կոմիտեին, ի դեմս Արգիշտի Էլբեկի, Հայաստան և Արցախ աշխարհների համար համատեղ պայքար մղելու և ստեղծված իրավիճակը պատվով հաղթահարելու համար, վստահ եմ, որ միասնականությունը մեզ կօգնի՝ հասնելու համապետական վեհ նպատակների:

    Կրկին շնորհավորելով օրվա առթիվ՝ մաղթում եմ անփորձանք ծառայություն և հավատ մեր կատարած գործի պատմական արժեքի նկատմամբ:


    ԱՀ ՔԿ նախագահ Ի.Ռ.Գրիգորյան