Լրահոս
01.07.24, 16:00

Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է, նախաքննությունն ավարտվել է (լուսանկարներ)

Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է, նախաքննությունն ավարտվել է (լուսանկարներ)

Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով,  Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք  բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի 36–ամյա բնակիչը, ընկերների՝ նույն մարզի 31, 30 և 29–ամյա բնակիչների հետ, պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանում բնակվող անձից մաքսանենգ եղանակով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և իրացնելու կապակցությամբ։

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ. հունվարի 22-ին հիշյալ ընկերները, 30–ամյա տղամարդու կողմից վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ուղևորվել և հաջորդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հասել են Ագարակ քաղաք:  Հունվարի 25-ին վերջիններս գնացել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող սահմանային արգելապատնեշի մոտ, որտեղ, ԻԻՀ քաղաքացու հրահանգով, որոշ ժամանակ սպասելուց հետո ինքնությունը չպարզված անձն Իրանից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրայով, մաքսային հսկողությունից թաքցնելով, տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում փոխանցել է տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով` 349,15 գրամ «Մեթամֆետամին», 1146,58 գրամ «Մարիխուանա» տեսակի քաշով թմրամիջոցներ, որոնք հիշյալ անձինք թաքցրել են վերը նշված ավտոմեքենայի հետևի պաշտպանիչ վահանի ներսի հատվածում։

Թմրամիջոցների մնացած մասը՝ առանձնապես խոշոր չափերով` 2737,67 գրամ «Մեթամֆետամին», 4545,34 գրամ «Մարիխուանա», 255 գրամ «Հերոին» ինչպես նաև 5,87 գրամ քաշով հաբերից կազմված  «Մեթամֆետամին» և «Կոդեին» թմրամիջոցներ պարունակող պատրաստուկը, հետագայում վերցնելու և իրացնելու նպատակով, Արմավիրի մարզի բնակիչները թաքցրել են Մեղրի քաղաքի ուղղությամբ գտնվող հիշյալ արգելապատնեշի հարակից տարածքում, որոնք հայտնաբերվել և վերցվել են դեպքի վայրի զննությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արմավիրի մարզի 4 բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: