Լրահոս
24.05.24, 20:32

Սոցիալական ցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել է

Սոցիալական ցանցի օգտատիրոջը մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու համար․ նա ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութ տարածելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նշված օգտատիրոջ ինքնությունը, ով Երևան քաղաքի 35-ամյա բնակչուհի է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարած քաղաքականության հետ, ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, 2024 թվականի մայիսի 13-ին «Meta Platforms» սոցիալական ցանցում՝ իր անվամբ գրանցված էջի բաց հարթակում, կատարել է գրառում՝ նշելով հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ՝ այս կերպ հնչեցնելով անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Ձեռք բերված բավար փաստերի հիման վրա վերոհիշյալ օգտատիրոջ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինս ձերբակալվել է, նրան ներկայացվել է մեղադրանք։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, և նա արգելանքից ազատ է արձակվել:

Նախաքննությունը շարունակվում է:                                          

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: