Լրահոս
24.08.23, 11:01

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի կրտսեր բուժաշխատողի կողմից, մի խումբ աշխատակիցների օժանդակությամբ, 2010-2018թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի կրտսեր բուժաշխատողի կողմից, մի խումբ աշխատակիցների օժանդակությամբ, 2010-2018թթ. ընթացքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում  ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կեղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում  փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողը, ով  2010 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, փաստացի չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները, սակայն տարիներ շարունակ վերջինիս անվամբ հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ, ինչպես նաև՝ սոցվճար, եկամտահարկ և այլ պարտադիր վճարներ, ինչին, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, օժանդակել են նույն բաժանմունքի մի խումբ աշխատակիցներ:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ շուրջ ութ տարի շարունակ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին տեղյակ են եղել նույն բաժանմունքի վարիչը, վերջինիս ժամանակավոր փոխարինած անձինք, մասնավորապես՝ ավագ լաբորանտը, ավագ բուժքույրը և վերջինիս փոխարինողները, սակայն յուրաքանչյուր ամիս կազմվող բաժանմունքի աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում խեղաթյուրելով իրականությունը՝ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ կրտսեր բուժաշխատողն իրականացրել է աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները:

Այնուհետև իրենց ստորագրություններով հաստատել են իրավաբանական նշանակություն ունեցող նշված տեղեկագրերը և փոխանցել ՓԲ ընկերության հաշվապահություն, որտեղ դրանց հիման վրա հաստատվել է աշխատակցի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարած լինելու փաստը, ինչի արդյունքում, 2010 թվականից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, հաշվարկվել է 19 075 571 ՀՀ դրամ, որից  12.282.329 ՀՀ դրամը՝ որպես աշխատավարձ, իսկ մնացածը՝ որպես սոցվճար, եկամտահարկ և այլ պարտադիր վճարներ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր բուժաշխատողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով, իսկ բաժանմունքի վարիչին և ավագ լաբորանտին՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել:

Վերջիններիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: