Լրահոս
25.07.24, 12:43

Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու հարցի պատճառով․ 27–ամյա երիտասարդ է կալանավորվել

Սպանության փորձ՝ մեքենան հեռահար լույսերով վարելու հարցի պատճառով․ 27–ամյա երիտասարդ է կալանավորվել

2024թ հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։20-ի սահմաններում, իրեն անծանոթ անձը Նոր Երզնկա գյուղի տարածքում կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճաբանել իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։   

 Բուժհաստատությունից ստացված տեղեկանքի համաձայն՝ բուժօգնության դիմած նշված անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող կույր վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս» ձևով մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նույն օրը Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի հետ վիճաբանած և նրան առերևույթ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով 27-ամյա երիտասարդ է։ Հանցագործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել է։

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս 2024թ հուլիսի 12-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, իր կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհով և, հասնելով Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքի մոտ, նկատել ու հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող՝ Աշտարակի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցը։ Ապա իջնելով՝ մոտեցել է վերջինիս և հեռահար լույսերով մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել նրա հետ:

Վիճաբանության ժամանակ, ցուցաբերելով հասարակության նկատմամբ անհարգալից, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել 49-ամյա անձի հասցեին, որին զուգահեռ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին:

Դրանից հետո, 27-ամյա երիտասարդը նստել է իր ավտոմեքենան և մոտ 500 մետր հեռանալուց հետո, կրկին խուլիգանական դրդումներով, հորիզոնական դիրքով փակել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհը, կրկին հարկադրաբար կանգնեցրել Աշտարակի բնակչի ավտոմեքենան։ Իր ավտոմեքենայից իջնելով և մոտենալով վերջինիս՝ երիտասարդը ձեռքում եղած դանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է 49-ամյա անձի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքը։ Սակայն հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վնասվածքն ստանալուց անմիջապես հետո տուժողը մեքենայով շրջանցել է ավտոճանապարհի երթևեկելի մասը փակած ավտոմեքենան և, բարձր արագությամբ վարելով, հեռացել դեպքի վայրից։

27-ամյա երիտասարդը իր վարած ավտոմեքենայով մինչև Աշտարակ քաղաք հետապնդել է նրան, սակայն չի կարողացել կանգնեցնել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (սպանության փորձը՝ կատարված խուլիգանական դրդումներով) ներկայացվել է մեղադրանք։

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: