Լրահոս
08.02.15, 11:18

Սպանության փորձ` Երեւանում

Սպանության փորձ` Երեւանում

Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Մարկարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 6-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող, քաղաքացի Օ.Մարկարյանին պատկանող գրասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի Մ.Պետրոսյանն իր մոտ պահվող «ԻԺ 71» մոդելի 9մմ տրամաչափի ատրճանակով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Օ.Մարկարյանի ուղղությամբ:

Վերջինս ստացել է մարմնական վնասվածք, սակայն, ըստ քննության տվյալների, Մ.Պետրոսյանը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով. գրասենյակում ներկա գտնվողները վնասազերծել են նրան:

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Մ.Պետրոսյանը ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: