Սպանության փորձ Տավուշի մարզում. առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Հաղարծին գյուղում Տ.Թամրազյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և շարժառիթը։ Մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին:
Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի կենտրոնում Տ.Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ.Պետրոսյանը՝ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։ Կրակոցի հետեւանքով Տ.Թամրազյանը մարմնական վնասվածք է ստացել ձախ ուսի շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ միջադեպը շարունակություն չի ունեցել մեկ այլ քաղաքացու միջամտության արդյունքում։
2015 թվականի հոկտեմբերի 9-ին Գ.Պետրոսյանը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հանդիսացող «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանն առգրավվել է։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 12.10.2015թ. Գ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։