Սպանություն՝ Երևանի Մյասնիկյան փողոցում․նախաձեռնվել է քրեական վարույթ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանությունը։
2023 թվականի ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդ կա, ով չի շնչում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023թ․ մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 335-րդ հոդվածի 1-ին մասերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է արական սեռի, գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակ։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ով հանդիսանում է նույն շենքի բնակիչ, վերջինս, ըստ նախնական տվյալների, Հոլանդիայի քաղաքացի է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։
Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: