Լրահոս
19.12.19, 06:46

Սպանություն Երևանում. հայտնի է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

Սպանություն Երևանում. հայտնի է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 43-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Որոշում է կայացվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձին ձերբակալելու մասին:

2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:20-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1979 թվականին: Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ 43-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, զննության է ենթարկվել նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից վարած ավտոմեքենան, որի ժամանակ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակի կրծքավանդակի հրազենային վնասվածքից դուրս է բերվել և առգրավվել թվով 5 արճճային պարունակությամբ գնդակ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: