Լրահոս
20.04.15, 08:58

Սպանություն եւ ավազակային հարձակում՝ Գյումրիում

Սպանություն եւ ավազակային հարձակում՝ Գյումրիում
ՀՀ քննչական կոմիտեի  Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։
 
Նախնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան եւ որպես զենք  օգտագործվող առարկայի՝ կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի եւ նրա մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
 
Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով։
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են տարբեր փորձանմուշներ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն։
 
Քրեական գործով հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։
 
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝  հնարավոր վկաներ հայտնաբերելու,  առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։