Լրահոս
12.04.17, 09:13

Սպանություն Նոր Նորքում. մեկ անձ ձերբակալվել է

Սպանություն Նոր Նորքում.  մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկած անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում  պարզվել է 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։  Մեկ անձ ձերբակալվել է:
 

2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի  35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային և հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով:
 

Նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ նշված բնակարանում͵ որտեղ սպանվել է տղամարդը͵ վարձակալական  հիմունքներով բնակվել է 42-ամյա մի կին։ Վերջինիս ինքնությունը և նրա առնչությունն սպանված տղամարդու հետ պարզվել է։
 

Կինը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:
 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները͵ կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
 

Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով այլ մանրամասներ͵ այդ թվում՝ տուժողի և կասկածյալի անհատական տվյալները հրապարակման ենթակա չեն։
 

Նախաքննությունը շարունակվում է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: