Սպանություն Տավուշում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ։
Մարտի 18-ին՝ ժամը 23.45-ին, «Բերդ» Բ/կ-ից հաղորդում է ստացվել, որ «ագոնալ վիճակ» ախտորշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վրեժ Մաթևոսյանը (ծնված 1978թ.) և «կլինիկական մահ» ախտորոշմամբ՝ Գագիկ Ճաղարյանը (ծնված 1988թ.):
Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը՝ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանի գլխավորությամբ։
Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ կատարվել է զննություն, հայտնաբերվել արնանման հետքեր։
Նախնական տվյալներով՝ ծակող-կտրող առարկայով մարմնական վնասվածք է պատճառվել Գ.Ճաղարյանի սրտի շրջանում, ինչի հետևանքով վերջինս մահացել է, և Վ.Մաթևոսյանին՝ հետույքի շրջանում՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։
Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ Նշանակվել են փորձաքննություններ։