Լրահոս
14.04.15, 15:15

Ստացվել են Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

Ստացվել են Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

 

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած  անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացիներ Ն. և Հ. Սամսոնյանները, Տ.Սարգսյանը գրավոր հաղորդում են ներկայացրել, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2015 թվականի մարտի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում,  Ավան վարչական շրջանում մահակներով եւ կռփազենքերով հարվածներ է հասցրել Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի  գլխի եւ մարմնի տարբեր մասերին։ Հարվածների հետեւանքով վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ։

 

Տուժած քաղաքացիներին  պատճառված վնասվածքների աստիճանը պարզելու համար Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  հարուցված քրեական գործով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։  Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով ստացվել են Ն. և Հ. Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։ Փորձագետների գնահատմամբ՝ վնասվածքների հետևանքով Հ.Սամսոնյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս, իսկ Ն.Սամսոնյանին պատճառված վնասվածքի աստիճանը վերջնական որոշելու համար վերջինս փորձագետների կողմից կրկին հրավիրվել է  հետազոտության՝ դեպքից 21 օր անց։

 

Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ,  ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, Ն. և Հ. Սամսոնյանների, Տ.Սարգսյանի նկատմամբ կիրառված բռնությանը հնարավոր այլ անձանց մեղսակցությունը, նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: