Լրահոս
09.06.15, 10:06

Ստեփանավանի 48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Ստեփանավանի 48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ստեփանավանի 48-ամյա բնակչին` Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի 48-ամյա բնակիչը 2015 թվականի հունիսի 3-ին`ժամը 23:30-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան և Մեղապարտ փողոցների խաչմերուկի բանուկ մասում վիճաբանության մեջ է մտել մի խումբ անձանց հետ, որի ընթացքում տևական ժամանակ դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, խաթարել երթևեկությունը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ` փոխադարձ հայհոյանքներ տվել և միմյանց նկատմամբ բռնություն գործադրել` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Նշված միջադեպը նկատել են աշխատանքից տուն վերադարձող, Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները: Նրանք մոտեցել են վիճաբանող տղամարդկանց և ներկայանալով որպես ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ`պահանջել են դադարեցնել վեճը: Սակայն 48-ամյա տղամարդը և վիճաբանության մի քանի մասնակիցներ բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ`բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց մարմնի տարբեր մասերին և պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ստեփանավանի 48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: