Տեղեկատվություն՝ մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ:
Նշված 22 դեպքերից 4-ը վերաբերում ենՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելուն, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրակաշառք տալուն և ստանալուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածով նախատեսված՝ բարեգործության արգելքը խախտելուն, իսկ 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված՝ նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:
Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու 1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից մեկը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուս հինգով նախաքննությունը շարունակվում է:
Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու դեպքերից մեկով հարուցված քրեական գործով մեկ անձ կալանավորվել է: