Տղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին` ժամը 19-ին, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ից, որով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը տեղեկացվել է, որ «Որովայնի և ձախ նախաբազկի շրջանի թափանցող, արյունահոսող վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի՝ 1973թ. ծնված բնակիչը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում ավտոմեքենայի առք ու վաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ համաքաղաքացու կողմից, ով դանակով դիտավորությամբ հարվածել է նրան և դիմել փախուստի:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատագենետիկական, դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։
2022թ. հունվարի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ 48-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: