Թիվ 10/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 10/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 10/20 ընտրատեղամասի ընտրողներ Լուսինե Ասլանյանի, Մարիամ Դեմիրճյանի և Անահիտ Հարությունյանի փոխարեն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են այլ անձինք։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կին ընտրողների անվան դիմաց լրացվել են արական սեռի ներկայացուցիչների անձնագրային տվյալներ։
Նախնական քննության տվյալներով՝ Ա.Մեհրաբյանը, հաշվառված լինելով թիվ 10/12 ընտրատեղամասի ընտրացուցակներում, այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով 2015թ. դեկտեմբերի 6-ին գնացել է թիվ 10/20 ընտրատեղամաս և հանձնաժողովի անդամ Լ.Մնացականյանին ներկայացնելով իր անձնագիրը` ստորագրել է նույն ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկված Լուսինե Ասլանյանի անվան դիմաց՝ այսպիսով քվեարկելով այլ անձի փոխարեն:
Ա.Նադարյանը և Դ.Նադարյանը, հաշվառված լինելով թիվ 10/19 ընտրատեղամասի ընտրացուցակներում, այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով 2015թ. դեկտեմբերի 6-ին գնացել են թիվ 10/20 ընտրատեղամաս և հանձնաժողովի անդամ Լ.Մնացականյանին ներկայացնելով իրենց անձնագրերը` ստորագրել են նույն ընտրատեղամասի ընտրողներ համապատասխանաբար Մարիամ Դեմիրճյանի և Անահիտ ի Հարությունյանի անունների դիմաց:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Մեհրաբյանին, Ա.Նադարյանին, Դ.Նադարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելու համար, իսկ թիվ 10/20 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Լ.Մնացականյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ հոդվածով՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքաննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: