Լրահոս
12.02.19, 08:07

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ քաղաքացի (լուսանկարներ)

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ քաղաքացի (լուսանկարներ)

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող աշխատանքների շրջանակներում  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժինը շարունակում է համագործակցված քննչական, օպերատիվ-հետախուզական աշխատանքները՝ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  և Էրեբունու ոստիկանության հետ:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության ևս մեկ քաղաքացի: Փետրվարի 11-ին վերջինիս ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է  101 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: 1963 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացին նախաքննական մարմնին հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել նույն  քրեական գործի շրջանակում ձերբակալված 1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացուց:

Ավելի վաղ հայտնել ենք, որ  ՀՀ քննչական կոմիտեի և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 թվականի  փետրվարի 9-ին՝ ժամը 21:00-ին, Երևան քաղաքի Ռոստովյան և Արցախի փողոցների հատման խաչմերուկից,ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին  բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված, Երևան քաղաքի՝ 1980թ. ծնված բնակիչը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով՝ նույն վայրից նույն ժամին բերման է ենթարկվել 1980 և 1971 թվականներին ծնված ԻԻՀ 2 քաղաքացի:

Բերման է ենթարկվել նաև Իրանի՝ 1959 թվականին ծնված մեկ այլ քաղաքացի և նրան  հիշյալ տարածք հասցրած տաքսու վարորդը, ով հետաքննության մարմնին է ներկայացրել կաշվե պայուսակ՝ հայտարարելով, որ այն պատկանում է ավտոմեքենայի ուղևոր` ԻԻՀ քաղաքացուն, և որի զննությամբ պայուսակից հայտնաբերվել են էլեկտրոնային կշեռք և պոլիէթիլենային 5 փոքրիկ տոպրակներով՝ ընդհանուր առմամբ մոտ 52,06 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային զանգված։

1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ  հայտնաբերվել է մոտ 1,73 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և մոտ 0,60 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված։

1959 թվականին ծնված ՒՒՀ քաղաքացու մոտից պոլիէթիլենային տոպրակով հայտնաբերվել է մոտ 70,87 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, մոտ 5,49 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլաստմասե խողովակ։

Վերջիններիս մոտ հայտնաբերված թմրամիջոցի նմանվող զանգվածները ներկայացվել են փորձաքննության, որի եզրակացության համաձայն՝ 1,5 և 68,81 գրամ քաշով զանգվածները հանդիսացել են «Հերոին» տեսակի թմրամիջոց:

Փորձաքննությանը ներկայացված 5,1 գրամ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսացել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ կապույտ պոլիմերային ձողիկի մակերեսներին հայտնաբերվել են «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցների հետքեր:

Փորձաքննությանը ներկայացված արծաթափայլ նրբաթիթեղի մակերեսին հայտնաբերվել են «Հերոին» տեսակի թմրամիջոցի հետքեր:

1959 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացու բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 89,6 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված, մոտ 0,62 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված, թմրանյութեր օգտագործելու համար նախատեսված` սպիտակ պոլիմերային ձողիկ,պլաստմասե 2 տարաներ` մոտ 121,23 և 53,21 գրամ քաշերով՝ յուրահատուկ հոտով զանգվածի պարունակությամբ։

Խուզարկությամբ հայտնաբերված հիշյալ թմրամիջոցներով ևս նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։


1971 և 1959 թվականներին ծնված ԻԻՀ քաղաքացիները ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: