Լրահոս
20.01.22, 06:35

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ դատապարտյալի կողմից. գործը դատարանում է

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ դատապարտյալի կողմից. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 31-ամյա դատապարտյալն իր ծանոթի՝ Արմավիրի մարզի բնակչուհու միջոցով փորձել է, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի հասնող «Ացետիլացված ափիոն» և խոշոր չափերի հասնող «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ:

Մասնավորապես պարզվել է, որ դատապարտյալի ծանոթը, քննությամբ դեռևս չպարզված անձից, ապօրինի ձեռք է բերել և պիցցայի մեջ թաքցրել է 3,82 գրամ հաստատուն քաշով «Ացետիլացված ափիոն» և 6,09 գրամ հաստատուն քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներ, որոնք Երևան քաղաքի՝ տաքսի ծառայություն մատուցող բնակչի միջոցով փորձել է փոխանցել դատապարտյալին:

Վերջինս իրեն փոխանցված հանձնուքը փոխադրել և փորձել է ՔԿ հիմնարկի սննդի կետի միջոցով փոխանցել դատապարտյալին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ նշված թմրամիջոցները հայտնաբերվել և վերցվել են աշխատակիցների կողմից հանձնուքի զննության ժամանակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ Արմավիրի մարզի բնակչուհուն՝ 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով:

Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցներն Արմավիրի բնակչուհուն իրացրած անձի մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դրանց ձեռք բերման աղբյուրը, իրացրած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռնրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռվ: