Լրահոս
09.07.19, 10:18

Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի

Թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի երկու բնակչի:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 17:45-ին, 43-ամյա տղամարդը, Երևան քաղաքի Ազատություն պողոտայից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, «սուբոտեքս» տեսակի թմրամիջոց, չորս հատ ներարկիչ, թորած ջուր ու «սուպրաստին» դեղամիջոց:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում պարզվել է 43-ամյա տղամարդուն թմրամիջոց իրացրած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թվով 3 հատ «B8» գրառմամբ դեղահաբ՝ 0.39, 0.38 և 0.40 գրամ քաշով:

Խուզարկություն է կատարվել նաև 1972 թվականին ծնված տղամարդու  բնակարանում, որտեղ հայտնաբերվել է թվով 8 հատ օգտագործված ներարկիչ, թվով  մեկ  փայլաթիթեղով փաթեթ՝ դեղնականաչավուն զանգվածով՝ ընդհանուր 0.040 գրամ քաշով, և մեկ փայլաթիթեղով փաթեթ՝ թվով երկու սպիտակ դեղահաբերով՝ ընդհանուր 0.014 գրամ քաշով, որոնք առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

42-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: