Լրահոս
06.04.22, 11:26

Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է. համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է. համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարին օժանդակողների շրջանակը, համայնքին պատճառված վնասի չափը:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2002-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Փաստական տվյալների համաձայն՝ համայնքի նախկին ղեկավարը, տեղեկանալով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «ԲԷՑ» ՓԲ ընկերության կողմից Ծակքար համայնքում օդային հոսանքագծերի անցկացման նպատակով հողամասերի՝ առավել բարձր արժեքով ձեռք բերելու մտադրության մասին, ինչպես նաև օգտվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված, պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղման կարգով սահմանված հնարավորությունից, համաձայնության է եկել համայնքապետարանի՝ իրեն մտերիմ երեք աշխատակիցների հետ՝ վերջիններիս պատկանող հողամասերի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը գրանցելու, իսկ հետագայում դրանք առավել բարձր գնով «ԲԷՑ» ՓԲԸ-ին վաճառելուն իրեն օժանդակելու հարցում:

Համայնքապետարանի նշված աշխատակիցները, իրենց վերադասին օժանդակելու նպատակով, կազմել և ստորագրել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենց պատկանելու, սակայն սխալմամբ 2011թ. դեկտեմբերին նույն հողամասերը որպես համայնքային սեփականություն գրանցվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստեր հավաստող համաձայնագրեր:

Համայնքի նախկին ղեկավարը «ԲԷՑ» ՓԲԸ-ի կողմից գնման ենթակա 0,166հա մակերեսով տնամերձ հողամասն իր կնոջ, իսկ 0.15հա, 0.137հա, 0.166հա տնամերձ հողամասերը համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների ընտանիքի անդամներին պատկանելու վերաբերյալ կազմված համապատասխան կեղծ փաստաթղթերը և իր կողմից ստորագրված՝ նույնաբովանդակ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ պարունակող գրությունները 2016թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել է վերը նշված անձանց և նրանց ընտանիքի անդամների սեփականության իրավունքը հիշյալ հողամասերի նկատմամբ:

Այնուհետև՝ համայնքի ղեկավարի խնդրանքով 2016թ. սեպտեմբերին, մի կողմից համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների և նրանց ընդանիքի անդամների, ինչպես նաև համայնքի նախկին ղեկավարի և նրա կնոջ, իսկ մյուս կողմից «ԲԷՑ» ՓԲԸ-ի ներկայացուցչի միջև կնքվել են վերոհիշյալ հողամասերն ընդհանուր՝ 14.768.116 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագրեր, իսկ վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է համայնքի նախկին ղեկավարին, ինչի հետևանքով Ծակքար համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի երեք աշխատակիցներին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Համայնքի նախկին ղեկավարի կողմից վերականգնվել է համայնքին պատճառված վնասը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: