Ծննդկանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019 թվականի սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:30-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում՝ ծննդաբերության ժամանակ, իր քույրը՝ Լուիզա Ավետիսյանը, մահացել է:
Նախնական տվյալներով՝ Լուիզա Ավետիսյանը՝ ծնված 1995թ., մահացել է՝ 2019թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:26-ին՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» կեսարյան հատումով ծննդաբերության ժամանակ:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից առգրավվել է ծննդկանի անհատական քարտը, նրա վերաբերյալ կազմված բժշկական փաստաթղթերը, վերցվել են բացատրություններ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: