Ծովակ գյուղի բնակիչ Հ.Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի
2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 19:00 -ին, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ Վարդենիսի հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ Հրավարդ Ռաֆիկի Սարգսյանը, ով գիտակցության չգալով՝ օրեր անց՝ սեպտեմբերի 24-ին, մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲԸ-ում։
Հ.Սարգսյանի որդին՝ Մանուկ Սարգսյանը, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին` ժամը 18:30-ի սահմաններում, իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Երևան ավտոճանապարհով երթևեկելիս՝ վազանց կատարելու ժամանակ, առջևի համընթաց երթևեկող «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենան փակել է իր ավտոմեքենայի ճանապարհը:
Ինքը կանգնեցրել է ավտոմեքենան, որից հետո «Վազ 21015» մակնիշի ավտոմեքենայից իջած 2-3 անծանոթ անձինք ազդանշան տալու հարցի շուրջ վիճել են իր և իր հոր` Հ.Սարգսյանի հետ, ծեծի ենթարկել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ, որի պատճառով հայրը տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 25.09.2014թ. Հ.Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
02.10.2014թ. Զ.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մ. Հակոբյանին հոկտեմբերի 6-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նույն օրվա որոշմամբ, նախ բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով, ապա բավարարել է նաև մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը՝ թույլատրելով կալանքի փոխարեն Մ.Հակոբյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: