«Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ավարտվել է «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 29–ամյա բնակիչը, 2021թ․ ընթացքում տարբեր կարգավիճակներում աշխատելով «Վահագնի» ռեստորանային համալիրում և տեղյակ լինելով ռեստորանում գումարների առկայության, դրանց պահպանմանն առնչվող հարցերին, իր ծանոթ 40 և 44–ամյա տղամարդկանց տեղեկություններ է տրամադրել այդ մասին, ովքեր մտադրվել են հափշտակել դրանք:
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2023թ․ օգոստոսի 5֊ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, 29–ամյա երիտասարդն իր կողմից վարվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդկանց տեղափոխել է նշված ռեստորանային համալիրի հարակից տարածք: Այնտեղ վերջիններս, հագնելով սև դիմակներ և սև հագուստներ, ապօրինի մուտք են գործել նշված ռեստորանային համալիրի սրահ, կպչուն ժապավենով կապել են որպես պահակ աշխատող անձին՝ զրկելով դիմադրելու հնարավորությունից և ատրճանակով սպառնացել են վնաս պատճառել նրա առողջությանը, եթե շարժվի։ Այնուհետև հիշյալ տղամարդիկ նույն ռեստորանային համալիրից հափշտակել են գումար, բջջային հեռախոս, գինիներ և այլ իրեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.025.800 ՀՀ դրամի գույքային վնաս:
Հանցավոր գործողությունները կատարելուց հետո 29–ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայով տղամարդկանց տեղափոխել է դեպքի վայրից, որից հետո հափշտակված իրերը վերջիններս պահել են իրենց ծանոթ, Երևանի 39–ամյա բնակչին պատկանող, վերջիններիս բնակության վայր հանդիսացող տանը։
Քննությամբ պարզվել է նաև, որ 29–ամյա երիտասարդը, 44 և 40–ամյա տղամարդիկ ապօրինի ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող ատրճանակներ, ինքնաձիգ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտական պայթուցիչ և մարտական ձեռքի նռնակ, ինչպես նաև 44–ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերի «Հերոին» տեսակի, 40–ամյա տղամարդը՝ խոշոր չափերի, իսկ 39–ամյա տղամարդը՝ զգալի չափերի «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջիններիս բնակության վայրից։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, 40–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252֊րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 39–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով:
Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։