Վանաձոր քաղաքի երկու բնակչուհիների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել նույն քաղաքի 40-ամյա բնակչին և վերջինիս բարեկամին․ նրանք ձերբակալվել են
2023թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:29-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց-Շիրակացի փողոցների խաչմերուկում տարօրինակ ձայներ են լսվում: Նույն օրը՝ ժամը 20:35-ին, ահազանգ է ստացվել նաև «Վանաձորի բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ հրազենային վնասվածքներով, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող առևտրի կրպակի հարակից տարածքից, իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի երկու բնակչուհիներ՝ 24 և 33 տարեկան:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/ և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նշված անձինք ճանաչվել են տուժող:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակի 3 գնդակներ և 1 պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ և դեպքի վայրի հարակից հատվածներում գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողների հագին գտնվող հագուստները։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու ուղղությամբ նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակիչ:
Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս անձնական հարցերի հետ կապված անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել համաքաղաքացու հետ, որի պատճառով որոշել է վրեժխնդիր լինել:
Այդ նպատակով, նախապես գործածելով ոգելից խմիչք, բարեկամի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենայով, 2023թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, մոտեցել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գործող, համաքաղաքացու ընտանիքին պատկանող մթերային խանութին, իր գործողություններով իրական սպառնալիք ստեղծելով տարածքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար, ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահած ատրճանակից, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել համաքաղաքացու կնոջ և եղբոր կնոջ ուղղությամբ։
Արդյունքում՝ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել, ինչպես նաև վնասվել են խանութի ապակիներն ու ներսի գույքը։ Սակայն վրիպելու և միայն տուժածների ստորին վերջույթների շրջանում հրազենային գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ պատճառելու, վիրավորում ստացած կանանց՝ խանութում թաքնվելու հետևանքով նա չի կարողացել նախապես պլանավորած հանցագործությունն ավարտին հասցնել, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:
Որոշում է կայացվել՝ Վանաձոր քաղաքի 40-ամյա բնակչի և վերջինիս բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ին, նշված անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/ և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրա բարեկամին՝ 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով /2 դրվագ/:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ապօրինի զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: