«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել
![«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել](https://investigative.am/storage/files/2020/05/1588847877,5396.jpeg?token=47efd2c88f4702accea38ff201b2715f86a6f2fb)
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել միջնորդի հետ և պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վերջինից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը նա տվել է միջնորդին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: