Լրահոս
05.05.20, 13:47

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական  վարչության վարույթ է ընդունվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Պարզվել է, որ ամբիոնի վարիչը, օժտված լինելով ամբիոնի ուսումնամեթոդաբանական, գիտական, հետազոտական, դաստիարակչական և այլ աշխատանքների կազմակերպում և ղեկավարում իրականացնելու իրավասությամբ, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերել՝ իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամբիոնի վարիչը պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար միջնորդից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները գնահատվել են դրական:

2020 թվականի մայիսի 5-ին ամբիոնի վարիչը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունքներ:

Ուսանողներից 8-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 1-ին և 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասերով, իսկ միջնորդին՝ 38-200-րդ (առևտրային կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածի 1-ին   և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասերով: Նրանց նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: