Լրահոս
23.04.15,
12:39
Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել. քրեական գործի վարույթը կարճվել է
Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համապատասխան բժշկական փաստաթղթերում կեղծիքներ չեն հայտնաբերվել, ուստիև՝ քրեական գործի վարույթը կարճվել է։
2015 թվականի մարտի 9-ին փաստաբան Ռ.Բալոյանից ստացվել էր դիմում առ այն, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում Վ.Պետրոսյանն իր «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Ա. Հակոբյանի վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդն ու հինգ ուղևորը, ինչպես նաև «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Պետրոսյանը տեղափոխվել էին «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոններ: Վթարի հետևանքով երկու անձ՝ Էդգար և Էդվարդ Հակոբյանները, մահացել են:
Նույն դիմումում փաստաբանը հայտնել էր, որ Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ «Նաիրիի բժշկական կենտրոնի» կողմից տրված թիվ 113 արձանագրության և «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ:
Նկատի ունենալով, որ դիմումում մատնանշված հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել կատարել քննչական և դատավարական գործողություններ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում մարտի 19-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Կատարված նախաքննությամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից Վ.Պետրոսյանի անվամբ կազմված հիվանդության պատմագրում և «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Վ.Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ զննման արձանագրություններում կեղծիքներ չեն հայտնաբերվել։
Հաշվի առնելով ձեռք բերված ապացույցները՝ 2015 թվականի ապրիլի 21-ին որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին:
Օրենքով սահմանված կարգով կողմերը տեղեկացվել են որոշման մասին։