Լրահոս
27.09.19, 09:21

«Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. քրեական հետապնդումը դադարեցվել է

«Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորի կողմից առերևույթ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2010-2011թթ. ընթացքում դիմորդը դիմել է «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի» անվան մանկավարժական ինստիտուտ, սակայն հետագայում չի ցանկացել սկսել ուսումը և ավարտական դիպլոմ չի ստացել:

Մինչդեռ, սույն թվականին. նույն ԲՈԻՀ-ի ռեկտորը տվյալ դիմորդին ձևակերպել է որպես ուսանող և  2010-2015թթ ուսումնական տարիների ընթացքում ինստիտուտի տեղեկագրերում վերջինիս անվամբ լրացվել են  կեղծ  տվյալներ, որից հետո պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում կատարվել են կեղծիքներ, որի արդյունքում նույն դիմորդի անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմը:

Բացի այդ, պարզվել է, որ  ռեկտորը 2014-2018թթ ընթացքում ուսանողներից գանձած ուսման վարձավճարների մի մասը չի մուտքագրել ԲՈՒՀ-ի դրամարկղ, որի արդյքունքում չարամտորեն խուսափել է իր հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից՝ պետությանը պատճառելով ընդհանուր  8.921.647 ՀՀ դրամի վնաս:

2018թ. օգոստոսի 20-ին ԲՈՒՀ-ի ռեկտորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Սակայն, հետագա նախաքննության ընթացքում «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ»-ի տնօրենի կողմից պետությանը  պատճառված վնասն ամբողջությմաբ վերադարձվել է:

Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ռեկտորը  վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ տույժ և տուգանքներով հանդերձ, ուստի նրա նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ չհեռաալու մասին որոշումը վերացնելու մասին որոշման օրինակն ուղարկվել է համապատասխան կառույց: