Լրահոս
15.05.15, 11:44

Վարկավորման նվազագույն չափանիշներին չհամապատասխանող ոսկու գրավադրմամբ բանկից հափշտակվել է ավելի քան 65 մլն դրամ

Վարկավորման նվազագույն չափանիշներին չհամապատասխանող ոսկու գրավադրմամբ բանկից հափշտակվել է ավելի քան 65 մլն դրամ


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում  2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ բանկի երևանյան մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետը, նախնական համաձայնության գալով այլ անձանց  հետ, օժանդակել է վերջիններիս պատկանող, բանկի  վարկավորման նվազագույն չափանիշներին ՝ 583 հարգին չհամապատասխանող  տարբեր տեսակի ոսկյա զարդերը 70 անձանց անուններով բանկում գրավադրմանը:

Քննության տվյալներով՝ բանկի աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ նման ոսկյա զարդերի գրավադրման դիմաց 2014 թվականի հունվար-օգոստոս   ամիսներին  բանկից որպես վարկ ստացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.300.000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: