Լրահոս
18.04.15, 12:50

Վեց դրվագով խարդախություն կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել տուրիստական ընկերության կին տնօրենը

Վեց դրվագով խարդախություն կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել տուրիստական ընկերության կին տնօրենը
 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է տուրիստական ընկերության կին տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր տնօրենը, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, «վաճառել է» «Երևան-Շարմ Էլ Շեյխ - Երևան», «Երևան-ԱՄԷ-Երևան», «Երևան-Պեկին-Երևան», «Երևան-Մոսկվա - Երևան», ուղղություններով ավիատոմսեր և «ամրագրել» հյուրանոցներ՝ դրանց դիմաց ստանալով մեծ գումարներ, սակայն իրականում չի ամրագրել ավիատոմսերն ու հյուրանոցները: Տուրիստական ընկերության տնօրենի գործողությունների հետևանքով տուժել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, այլև՝ օտարերկրացիներ։

Մեկ այլ դեպքում չարաշահելով օտարազգի Հեյդար Զարեյիէսֆանդաբադի վստահությունը՝ Վրաստանի Հանրապետություն մեկնելու նպատակով «վիզա» ստանալու համար խարդախությամբ հափշտակել է 400 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 186.036 ՀՀ դրամ: 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել վեց դրվագով խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: