Վեց մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել են, «ԳԱԶԵԼ»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարված դեպքի վայրի զննությամբ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 6 այրված դի. զննությամբ պարզվել է, որ 6 դիերից մեկն արական սեռի է, հինգը՝ իգական:
Քննությամբ պարզվել է հայտնաբերված դիերից հինգի ինքնությունը, իսկ մեկ իգական սեռի դիակի ինքնությունը դեռևս պարզված չէ:
Պարզվել էին նաև «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի՝ այրվածքներ ստացած ևս յոթ ուղևորների, ինչպես նաև՝ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայում վթարի պահին գտնված թվով չորս անձանց ինքնությունը:
Ավտովթարի մասնակից «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի վարորը և դեպքի պահին ավտոմքենայում գտնված ևս մեկ անձ վնասվածքներ չեն ստացել:
Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:
Այսօր ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհարժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: